Կայացել է Արցախի ԱԳ նախարարի և ՀՀ ԱԽ քարտուղարի հանդիպումը․ մտքեր են փոխանակվել ԱՀ-ի և ՀՀ-ի անվտանգային հարցերի վերաբերյալ
Հունվարի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ԱԽ քարտուղարը շնորհավորել է Սերգեյ Ղազարյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ Սերգեյ Ղազարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում տիրող իրավիճակը և առաջացած խնդիրները:
Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախի և Հայաստանի անվտանգային հարցերի վերաբերյալ՝ մասնավորապես Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրերի վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք կարևորվել են ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը: