Ֆրանսիայում կարգելվի որսը` ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ
Ֆրանսիայի կառավարությունը ձգտում է արգելել ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ որսորդությամբ զբաղվելը, հայտարարել է Ֆրանսիայի էկոլոգիայի փոխնախարար Բերանժեր Կույարը։
Կառավարության 2023 թվականի սկզբին ընդունված որոշման համաձայն նոր տուգանք կսահմանվի «հարբած վիճակում որսով զբաղվելը» պատժելու համար՝ որպես ավելի լայն ծրագրի մաս:
Չնայած հասարակության, բնապահպանական ասոցիացիաների եւ կուսակցությունների կողմից աճող ճնշումներին՝ կապված որսի ընթացքում տեղի ունեցող դժբախտ պատահարների աճի հետ, Ֆրանսիայի կառավարությունը դեմ է արտահայտվել ավելի խիստ առաջարկություններին, ինչպիսին է հանգստյան օրերին որսի ամբողջական արգելքը:
Ըստ Ifop-ի վերջին հարցման՝ Ֆրանսիայի բնակչության գրեթե 80 տոկոսը կողմ է նման որոշմանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով իր առաջին պաշտոնավարման ավարտից ի վեր որսորդների նկատմամբ ավելի բարյացակամ դիրք է բռնել, բախվում է որսի ավելի խիստ կանոնների ներդրման անհրաժեշտությանը, քանի որ դժբախտ պատահարների աճը մտահոգություն է առաջացնում անցորդների անվտանգության վերաբերյալ: