Եթե կարողանանք հաղթել ներքին թշնամիներին, ապա որևէ արտաքին թշնամի չի հանդգնի գործ ունենալ մեզ հետ. Վրթանես եպիկոպոս Աբրահամյան
«Այսօր հերթական անգամ համախմբել ենք Ստեփանակերտի Վերածննդի ազատության հրապարակում՝ առաջին հերթին ինքներս մեզ, ապա արտաքին աշխարհին ցույց տալու մեր միասնականությունն ու վճռականությունը։ Կարող ենք արձանագրել, որ այս հարցում մենք հաջողել ենք»,- Արցախի Հանրապետության մայրաքաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական հանրահավաքին ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիկոպոս Աբրահամյանը։
Նա նշեց, որ սրանով հանդերձ մեզ այսօր միավորել է նաև բազում խնդիրների լուծման ու ապագայի հանդեպ վստահության վերականգնման ընդհանուր մտահոգությունը։
«Պատմությունը բազմիցս ցույց է տվել հաճախ հաղթանակից հետո գլուխ են բարձրացնում մեր ներքին թշնամիները՝ եսը, նյութապաշտությունը, անձնական շահը և անտարբերությունը դիմացինի ու ազգի հանդեպ ու փչացնում են մեր նկարագիրը, մոռացվում են Աստված և եկեղեցի։ Այս մահացու շրջապտույտից դուրս գալը պետք է լինի ազգային մեր կյանքի հիմնական խնդիրը։ Եթե կարողանանք հաղթել վերը նշված ներքին թշնամիներին, ապա որևէ արտաքին թշնամի չի հանդգնի գործ ունենալ մեզ հետ»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը։
Նա կոչ ուղղեց քրիստոնյա աշխարհին՝ վեր կանգնելու քաղաքական շարժառիթրներից և քրիստոնեական սիրուց մղված անդրադառնալու Արցախում ապրող իրենց հավատակից քույրերի ու եղբայրների մարդկային տարրական իրավունքների պահանության հիմնախնդրին, որպեսզի իրենք էլ հնարավորություն ունենան լիարժեք ու խաղաղ պայմաններում տոնելու սուրբ ծննդյան հրաշառափառ տոնը։