Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխել 4 օտարերկրյա քաղաքացու
Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել տարբեր քրոնիկական հիվանդություններով 4 օտարերկրյա քաղաքացի, այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ավելի վաղ Կարմիր խաչից հայտնել էին, որ դեկտեմբերի 24-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով 4 ամսական երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ հետդարձի ճանապարհին կողմերի համաձայնությամբ կտեղափոխեն որոշակի քանակությամբ դեղորայք:
Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ դեկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
ԱՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: