Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանին էլեկտրոնային արգելապատնեշ կկառուցի
Լեհաստանի սահմանապահ ծառայությունը պայմանագիր է կնքել կապալառուի հետ՝ Ռուսաստանի հետ սահմանին 82 մլն դոլար արժողությամբ 199 կմ էլեկտրոնային արգելապատնեշ կառուցելու մասին, ասվում է սահմանապահ ծառայության պաշտոնական կայքում:
«Կապալառուն TELBUD ընկերությունն է, որը տեղակայված է Պոզնանում։ Համաձայնագրով նախատեսված բոլոր աշխատանքների կատարման համար կնքվել է ավելի քան 373 մլն զլոտի (82 մլն դոլար) չափով պայմանագիր»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Պայմանագրի առարկան ծրագրային ապահովման հետ փոխազդող էլեկտրոնային սարքերի համալիրի նախագծումն ու ստեղծումն է: «Նախագծում կօգտագործվեն սենսորներ, որոնք որոշում են օբյեկտների տարբեր ֆիզիկական բնութագրերը։ Դա կապահովի իրավիճակային համալիր պատկերը, տեղեկատվության հավաքումը, մշակումը եւ փոխանցումը շարունակական ռեժիմով՝ անկախ տեղանքի ռելիեֆից եւ եղանակային պայմաններից»,-հայտնել է սահմանապահ ծառայությունը։ Նշվում է, որ արգելապատնեշը թույլ կտա բացահայտել սահմանին հանցավորության հետ կապված բոլոր իրադարձությունները, ներառյալ անօրինական միգրացիան եւ ապրանքների մաքսանենգությունը: