Հրապարակվել է «Մնացականյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը
Դեկտեմբերի 6-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մնացականյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ արձանագրելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:
«Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը անընդունելի է ճանաչել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (զուգակցված 14-րդ հեդվածով) խախտման վերաբերյալ դիմումատուի պահանջը, ինչպես նաև մերժել է Կոնվենցիային կից 12-րդ արձանագրության խախտման մասին պահանջը՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքով։
Սույն գործով Եվրոպական դատարանը գտել է, որ նախկինում գործող Արդարադատության խորհուրդի՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման առհասարակ բողոքարկման ենթակա չլինելու հանգամանքը խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով պաշտպանվող դատարանի մատչելիության իրավունքը։
Դիմումատուն սույն գործով պնդել էր որ իր, որպես դատավորի, լիազորությունների դադարեցումն իր կողմից կայացված դատական ակտի պատճառաբանված չլինելու հիմքով՝ խախտել է իր խոսքի ազատության իրավունքը։ Այս մասով Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուի պահանջը Կոնվենցիայով պաշտպանվող իրավունք չի պարունակել։ Ըստ Եվրոպական դատարանի՝ դիմումատուն երբևէ հրապարակային կարծիք չի արտահայտել, այլ ընդամենը կայացրել է դատական ակտ, որի պատճառաբանվածության հարցը Եվրոպական դատարանի իրավասության տիրույթից դուրս է։ Ուստի, Եվրոպական դատարանը գտել է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի միջամտություն և գանգատն այս մասով ճանաչել է անընդունելի։
Ինչ վերաբերում է դիմումատուի՝ Կոնվենցիային կից 12-րդ արձանագրության խախտման մասին պահանջին՝ Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուի փաստարկները խտրական վերաբերմունքի ենթարկվելու մասով ակնհայտ անհիմն են։ Ուստի գանգատն այս մասով մերժվել է»,-նշվում է հայտարարության մեջ։