Գերմանիայում պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ կասկածվողները կապ են հաստատել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ
Գերմանիայում պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ կասկածվողները կապ են հաստատել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, սակայն աջակցություն չեն ստացել։ Այս մասին ասվում է Գերմանիայի գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալներով` «ռայխսբյուրգերները» ծրագրում էին երկրում իշխանության սահմանադրական մարմինների տապալում իրականացնել։ «Այսօր առավոտից լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացվում։ Դաշնային դատախազությունը քննչական գործողություններ է իրականացնում «ռայխսբյուրգերների» շրջապատում։ Կասկած կա, որ իշխանության սահմանադրական մարմինների վրա զինված հարձակում է ծրագրվել»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը։
Դաշնային դատախազությունից հայտնել են, որ «ռայխսբյուրգերների» ձերբակալությունները կատարվել են դաշնային դատական պալատի քննիչ դատավորների կողմից տրված օրդերների հիման վրա: Բոլոր ձերբակալվածները Գերմանիայի քաղաքացիներ են։ ԶԼՄ-ների տվյալներով՝ մի շարք քաղաքներում, այդ թվում ՝ Բեռլինում, խուզարկություններ են կատարվել։