Հունաստանում լրտեսական սկանդալը նոր շրջադարձ է ապրում
Հունաստանում անընդհատ աճող լրտեսական սկանդալը, պետական պաշտոնյաների, լրագրողների եւ գործարարների անունների երկար ցուցակի հրապարակումից հետո, որոնք չարամիտ ծրագրերի զոհ են դարձել, նոր ընթացք է ստացել, գրում է Politico-ն։
Ըստ հունական Documento թերթի, անօրինական Predator լրտեսող ծրագրերի հետքեր են հայտնաբերվել 33 մարդու սարքերում, այդ թվում՝ պահպանողական Նոր ժողովրդավարության կառավարության կաբինետի մի քանի անդամների եւ նրանց ընտանիքների, գլխավոր ընդդիմադիր SYRIZA կուսակցության քաղաքական գործիչների, ինչպես նաեւ լրագրողների եւ գործարարներ սարքերում:
Պարզ չէ, արդյո՞ք բոլոր ենթադրյալ զոհերն իրականում բացել են վնասակար հղումը, ինչի հետեւանքով էլ նրանց սարքերը վարակվել են, թե ոչ: Պաշտոնյաներից շատերը, որոնց հետ կապվել է թերթը, ասել են, որ չգիտեին, թե իրենց գաղտնալսում են:
Ցուցակում ընդգրկված են ֆինանսների նախարարը, արտաքին գործերի նախարարը, քաղաքացիական պաշտպանության երկու նախկին նախարարները, զարգացման նախարարները, աշխատանքի եւ զբոսաշրջության նախարարները, ինչպես նաեւ նրանց ամուսիններն ու նաեւ հայտնի լրագրողներ եւ ընդդիմադիր գործիչներ։
Շաբաթ ուշ երեկոյան տարածված հայտարարության մեջ կառավարության խոսնակ Յանիս Օիկոնոմուն ասել է, որ հրապարակումը ապացույցներ չունի՝ հավելելով, սակայն, որ հոդվածը «պետք է մանրակրկիտ հետաքննվի իշխանությունների եւ հատկապես Հունաստանի դատարանի կողմից»:
«Անհավանական եւ վտանգավոր է ենթադրել, որ վարչապետը գաղտնալսել է արտգործնախարարին», - ասել է արտգործնախարարին մոտ կանգնած պաշտոնյան՝ նշելով, որ Հունաստանը մշտապես միջոցներ է ձեռնարկում արտաքին գործերի նախարարի հաղորդակցությունների անվտանգությունն ապահովելու համար՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում։
Հունաստանում գաղտնալսման սկանդալը սկսել է ամռանը, երբ ընդդիմության առաջնորդ Նիկոս Անդրուլակիսը Predator ծրագրաշարի միջոցով հեռախոսները գաղտնալսելու փորձ է բացահայտել: Օգոստոսին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կառավարությունը խոստովանել է, որ Անդրուլակիսը գտնվում է պետական հսկողության տակ, քայլ, որը, ըստ կառավարության, օրինական, սակայն սխալ:
Այդ ժամանակից ի վեր սագան վերածվել է լրտեսական թրիլերի, որտեղ լրտեսող ծրագրեր են տեղադրվում քաղաքական գործիչների եւ լրագրողների անընդհատ ընդլայնվող ցանցի հեռախոսների վրա: Աթենքը հերքում է, որ երբեւէ անօրինական լրտեսական ծրագրեր է օգտագործել կամ գնել: