Հայաստանի տնտեսությունում կատարվել են 129,2 մլրդ դրամի ուղիղ օտարերկրյա ներդրումներ. Վահան Քերոբյան
Անցած տարի Հայաստանում կատարվել են 129,2 մլրդ դրամի ուղիղ օտարերկրյա ներդրումներ։ Այդ գումարից ԵԱՏՄ երկրների բաժինը կազմել է մոտ 1/3-ը՝ 40,1 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 3-ին ասել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Բացի այդ, նախարարի խոսքով՝ 2021թ. Հայաստանի տնտեսության իրական սեկտորում ուղիղ օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 204,8 մլրդ դրամ։ ԵԱՏՄ-ի բաժինը դրանցում կազմել է 32,4 մլրդ դրամ։
«2022թ. առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ներհոսքի ծավալը Հայաստանի տնտեսությունում կազմել է 41 մլրդ դրամ։ ԵԱՏՄ երկրներից ներդրումների ներհոսքի ծավալը կազմել է 47 մլրդ դրամ։ Այսինքն՝ ԵԱՏՄ-ի մեջ չմտնող երկրներից ներհոսքը բացասական է եղել»,- ասել է էկոնոմիկայի նախարարը։
Ուղիղ օտարերկրյա ներդրումների ծավալն այս շրջանում կազմել է մոտ 76,5 մլրդ դրամ։ Դրանցից 57,5 մլրդ դրամը եկել է ԵԱՏՄ երկրներից։