Արցախում կազմակերպվել է «Փրկարարի չավարտվող պատերազմը» խորագրով ցուցահանդես
Արցախի ԱԻ պետական ծառայության կազմավորման 30-րդ տարեդարձի և փրկարար ծառայողի մասնագիտական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, ծառայության վարչական տարածքում այսօր կազմակերպվել է «Փրկարարի չավարտվող պատերազմը» խորագրով ցուցահանդես և «Արցախի փրկարար» օրհներգի պրեմիերան:
Միջոցառմանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և պետական մի խումբ պաշտոնյաներ:
Ցուցահանդեսին, հիմնականում ներկայացվել են 2020 թվականի ռազմական գործողությունների և դրան հաջորդած ժամանակահատվածում փրկարար-ծառայողների կատարած աշխատանքի լուսանկարները, որոնք բացառապես հեղինակային են և պատկանում են ԱԻ ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին:
Լուսանկարների միջոցով ներկաները վերհիշել են 44-օրյա արհավիրքի ժամանակ փրկարար ծառայողների կատարած ճակատային ու թիկունքային աշխատանքը, բնակչությանը ցուցաբերված հումանիտար առաքելությունը, պատերազմից հետո սկսված որոնողափրկարարական աշխատանքներն ու ոլորտի արագ ինքնակազմակերպումը՝ առօրյա ծառայությանը:
Ցուցադրվել է նաև 30-ամյակին նվիրված ամփոփիչ ռեպորտաժ, որին հաջորդել է «Արցախի փրկարար» օրհներգի պրեմիերան: