Չեխ ֆերմերը բրոնզե դարի հազվագյուտ ոսկե գոտի է գտել
Ֆերմերը, որը ցանկացել է անհայտ մնալ, Չեխիայի արեւելյան Օպավայից ոչ հեռու իր դաշտում հազվագյուտ ոսկե գոտի է գտել, որը թվագրվում է բրոնզե դարով: Գոտին ընկած է եղել գետնի տակ հազարավոր տարիներ, մինչ այն հայտնաբերվել է տեղի ֆերմերի կողմից: Շաքարի ճակնդեղ հավաքելիս, ինչպես հայտնում է klady.info պորտալը, տղամարդը գնդիկ դարձած փայլուն դեղին առարկա է հայտնաբերել։ Գտածոն ավելի ուշադիր զննելուց հետո նա հասկացել է, որ իր առջեւ հնագիտական նշանակության ինչ-որ արտեֆակտ է։ Ֆերմերը կապվել է թանգարանի մասնագետների հետ, եւ նրանք հաստատել են, որ սա իսկապես հազվագյուտ հնագույն առարկա է։
Թանգարանում գտածոն հետազոտվել է սպեկտրի անալիզատորի միջոցով, որը հնարավորություն է տվել որոշել բաղադրությունը։ Պարզվել է, որ սա ավելի քան 84 տոկոս ոսկի, 15 տոկոս արծաթ, պղինձ եւ տարբեր միկրոտարրեր պարունակող համաձուլվածք է։ Այս տոկոսները համապատասխանում են տվյալ տարածքում գտնվող այլ նախապատմական մետաղական արտեֆակտներում հայտնաբերվածներին: Գտածոյի դեկորատիվ ոճի վերաբերյալ խորհրդակցություններ են անցկացվել այլ հաստատությունների փորձագետների հետ՝ ժամկետը ճշտելու նպատակով։ Զարդը ցույց է տալիս, որ այն պատրաստվել է մ.թ.ա. մոտ 1400-800 թթ., այսինքն՝ միջին եւ ուշ բրոնզե դարերի սահմանագծին։
Գտածոն մոտ 50 սանտիմետր երկարությամբ եւ 60 գրամ քաշով մետաղյա թիթեղ է։ Զարդը կենտրոնում միացած հինգ խոշոր համակենտրոն շրջանակների հաջորդականություն է: Ավելի փոքր համակենտրոն շրջանակները լրացնում են ավելի մեծերի վերեւում եւ ներքեւում գտնվող բացերը եւ շարվում գոտու երկու ծայրերում շարքերով ու սյուներով: Եռակի եզրագիծը, կտրված կարճ, թեք գծերով, զարդարում է վերեւը, ներքեւը եւ ծայրերը: Ամեն ծայրին երկու ոսկեգույն կեռերը, հավանաբար, իրար են միացել, ինչպես ճարմանդներ։
Առաջին վարկածն այն էր, որ դա տիարա է: Սակայն օբյեկտն ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո մասնագետները եզրակացրել են, որ այն իրականում գոտու մաս է:
«Այն ժամանակ գոտիները կաշվից են եղել, եւ դա կապվել է նրա առջեւի մասին։ Այն գյուղատնտեսական աշխատանքների հետեւանքով ճմռթված է եղել, երբ գտել են, ուստի հրաշք է, որ այդքան լավ է պահպանվել։ Դրանում կարող են բացակայել մի քանի մանր դետալներ, բայց մնացած առումներով այն գտնվում է իդեալական վիճակում»,- նշել են փորձագետները։
Գիտնականները բացատրում են, որ նույնիսկ բրոնզի դարում նման չափի ոսկու հասարակ թիթեղ պատրաստելը մեծ տեխնիկական հմտություն կպահանջի։ Նրբագեղ ձեւավորումը բարդ է, եւ այն կարող էր միայն շատ հմուտ վարպետը անել: Նման հազվագյուտ եւ թանկարժեք առարկան, հավանաբար, պատկանել է հասարակության մեջ բարձր դիրք զբաղեցնող մեկին։
Ինչպես նշել են մասնագետները, թեեւ գոտու դրամական արժեքը դեռ որոշված չէ, արդեն պարզ է, որ այն ունի անհաշվելի մշակութային եւ պատմական արժեք։ Նման առարկաներ հազվադեպ են գտնվումում նույնիսկ պեղումների ժամանակ, իսկ պատահական գտածոներն էլ ավելի հազվադեպ են։