Գորիս-Կապան մայրուղին ՀՀ սահմանների մեջ չի մտնում․ ՔՊ-ականներ
ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը այսօր, ԱԺ ճեպազրույցների ժամին խոսելով Պրահայում ձեռք բերված Փաշինյան-Ալիև պայմանավորվածության մասին, նորից հիշեցրել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք չէ կապել երկրների տարածքային ամբողջականութան ճանաչման հետ։ Ուստի, Պրահայում Լեռնային Ղարաբաղի հարց չի քննարկվել։
Hraparak.am-ի հարցին, թե ինչու, այդ դեպքում, Պրահայում նորից վերադարձան ԱՊՀ երկրների 1991 թվականի հռչակագրին, եթե ամեն ինչ պարզ էր, և Հայաստանն ու Ադրբեջանը 30 տարի առաջ փոխադարձ ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը, Գրիգորյանը հիշեցրեց, որ, ցավոք սրտի, ամեն ինչ պարզ չէ, և իրավիճակը, իրականում, այնքան բարդ է, որ, այո, հաճախ կարիք է լինում տարբեր իորղություններ վերահաստատելու։
Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության ճանաչմանը, ապա Գրիգորյանն ասաց, որ տարածքային ամբողջականություն ասելով՝ մենք հասկանում ենք միջազգայնորեն ճանաչված սահմանները, այսինքն՝ այն սահմանները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը ճանաչվում է իբրև ՄԱԿ անդամ։
Կայքի թղթակցի հարցին, թե Գորիս-Կապան մայրուղին մտնո՞ւմ է ՀՀ սահմանների մեջ, և Ալիևը համաձայնե՞լ է, որ իրեն հանձնված Գորիս-Կապան մայրուղին ՀՀ տարածքի մաս է։՝Գրիգորյանի փոխարեն որոշել էց հարցին պատասխանել Վահագն Ալեքսանյանը, ով նորից մանիպուլացրել է ամեն ինչ՝ մեղքը բարդելով նախկինների վրա ու հիշեցնելով 2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որի իմաստոը, փաստորեն, ՔՊ-ականներն այդպես էլ չեն հասկացել։
«Գորիս-Կապան մայրուղին էդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես նաև չի մտնում էն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010 թվականին ՀՀ Ազգային ժողովի․․․ էդ հատվածի մասին է, չէ՞, խոսքը, որը նոյեմբերի 9-ից հետո անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Ոչ, չի մտնում Հայաստանի սահմանների մեջ, որովհետև ինչպեսև չի մտնում 2010 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի ընդունումից հետո»,- ըստ hraparak.am–ի՝ մտքերի շարահյուսությունն աղավաղելով՝ մտքերը մի կերպ ձևակերպեց ՔՊ-ական պատգամավորը՝ փորձելով արդարացնել իրենց իշխանության կողմից ՀՀ սուվերեն տարածքի մաս հանդիսացող ճանապարհի հանձնումը թշնամուն։