«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանին ոչ բոլորն են գրկաբաց ընդունել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը եւ սպասում է իր առաջարկի վերաբերյալ նրա որոշմանը:
«Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կսկսենք առաջիկա շաբաթներին, որին առնչվող այլ մանրամասների մասին կհայտնեմ հաջորդիվ»։ Մենք տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանը նախօրեին Արցախում Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ներկաներին տեղեկացրել է, որ վաղը նման առաջարկով է հանդես գալու, հայտնել է նաեւ, որ նշանակումը գուցե մի քանի շաբաթ անց տեղի ունենա, քանի որ Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, թե «Ավրորա» ծրագրի հետ կապված որոշ կիսատ գործեր ունի։
Արցախի մեր աղբյուրները, սակայն, կարծում են, որ Վարդանյանի կամուկացն այլ պատճառներ ունի: Բանն այն է, որ քաղաքական շրջանակներում տեղեկություններ են պտտվում, թե շուտով Ադրբեջանը Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմ կարող է սկսել՝ բոլոր հնարավոր հետեւանքներով, իսկ Վարդանյանի ծրագրերը միայն Արցախի հետ չեն կապված։ Բացի այդ, Արցախում այնքան անմխիթար վիճակ է ֆինանսական առումով, որ Վարդանյանը երկմտում է՝ կարո՞ղ է արդյոք դուրս գալ այդ ծանր բեռի տակից, թե՞ ոչ։
Արայիկ Հարությունյանը, ըստ էության, փաստի առաջ է կանգնեցրել նրան: Երեկ գրառում էր արել նաեւ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանը` ողջունելով Վարդանյանին արված առաջարկը: Մենք տեղեկացանք, որ Արցախի կառավարությունում միանշանակ չեն ընդունել այս փոփոխությունը` Ռ. Վարդանյանը պատրաստվում է արմատական փոփոխություններ անել այստեղ, եւ շատերն առաջիկայում կազատվեն պաշտոններից:»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում