Արևմուտքի ռազմական աջակցությունն Ուկրաինային հղի է միջուկային տերությունների բախմամբ. Ռուսաստանի ԱԳՆ
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում` ՌԴ ԱԳՆ Զենքի չտարածման և վերահսկողության վարչության պետի տեղակալ Կոնստանտին Վորոնցովը թվարկել է Արևմուտքի գործողությունները, որոնք կարող են հանգեցնել միջուկային ուժերի ուղղակի ռազմական բախման՝ «հետագա բոլոր աղետալի հետեւանքներով»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Վորոնցովի՝ խոսքը գնում է արևմտյան քաղաքական գործիչների՝ մարտի դաշտում ռուսական զորքերին ջախջախելու հայտարարության, Կիևի ռեժիմին զենքի, այդ թվում՝ «առաջադեմ հրթիռային համակարգերի», հետախուզական տվյալների և ռազմական և քաղաքացիական օբյեկտների կոորդինատների տրամադրման, Ուկրաինայի զինված ուժերի, արևմտյան վարձկանների, խորհրդականների և քաղաքացիական անձանց անմիջական ներգրավվածության մասին։
«Սա հղի է էսկալացիայով ընդհուպ մինչև միջուկային տերությունների անմիջական ռազմական բախում` դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով», - մեջբերում է գործակալությունը Վորոնցովի խոսքերը:
Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը նման քաղաքականությունը համարում է «անպատասխանատու և կործանարար»։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը «շատ անհավանական» էր անվանել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը։
Նրա խոսքով՝ Չինաստանի եւ Հնդկաստանի ղեկավարների հետ վերջերս կայացած հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «հստակ հասկացրել է, թե ինչն է ընդունելի, ինչը՝ անընդունելի»։
Նա նաև հավելել է, որ Կրեմլը «չափազանց տհաճ» զգացումներ կունենար՝ իմանալով, թե որ պետություններն են գաղտնի օգնում Լոնդոնին Կիևի իշխանություններին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում։
Նա ընդգծել է, որ «աշխարհում ոչ մի երկիր, նույնիսկ նրանք, ովքեր, ինչպես Չինաստանը, դեռ հստակ դիրքորոշում չեն որդեգրել, չեն համաձայնի այս հարցը հենց այնպես բորբոքել»։