«Ռեալում» Մբապեի արարքը դավաճանություն են համարում
Մադրիդի «Ռեալում» այլևս չեն մտածում Լիգա 1-ի գործող չեմպիոն ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեին հրավիրելու մասին:
Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը նա, երկարատև բանակցություններից հետո մերժելով մադրիդյան գրանդին, ևս 3 տարով երկարաձգել էր պայմանագիրը փարիզյան ակումբի հետ:
El Debate-ի հաղորդմամբ, «Ռեալում» Մբապեի արարքը դավաճանություն են համարում: «Ռեալի» ղեկավարությունը վստահ է, որ Կիլիանը ակումբի հետ բանակցություններն օգտագործել է ՊՍԺ-ից ավելի լավ պայմանագիր ստանալու համար:
Մադրիդում գտնում են, որ երկրպագուները նույնպես չեն ների ֆրանսիացուն:
Նախորդ մրցաշրջանում «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում երկխաղյա դիմակայության արդյունքում պայքարից դուրս էր թողել ՊՍԺ-ին (0-1, 3-1), իսկ Մբապեն մեկական գոլ էր խփել խաղերից յուրաքանչյուրում: Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը, եզրափակիչում նվազագույն հաշվով հաղթելով անգլիական «Լիվերպուլին», պատմության մեջ 14-րդ անգամ նվաճել էր եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը: