Քոչարյանի արարքը պայմանավորված դավադրություն է Հայաստանի դեմ․ Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս օրերին Հայաստանը կռիվ է տալիս իր ինքնիշխանության պահպանման համար, իսկ Քոչարյան Ռոբերտը հայտարարում է դրոշակ վերցնելու ու Հայաստանի ներքաղաքական կյանքը փոթորկելու մասին։
Ինչ է սա, եթե ոչ պայմանավորված դավադրություն Հայաստանի ինքնիշխանության դեմ։
Կխնդրեմ ուշադրություն դարձնել այն փաստին, որ ընդդիմությունը կրկին փողոց դուրս եկավ․ իսկ Քոչարյանը հայտարարեց դրոշակ վերցնելու ու իշխանության համար պայքարելու մասին այն ժամանակ, երբ վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց․
1) Հայաստանի տարածքով միջանցք չենք տալու։
2) ՀՀ սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է։
3) Ուզում ենք ստորագրել մի թուղթ, որը չի հակասի Հայաստանի պետական շահերին և Հայաստանը 29,800 կմ քառակուսի տարածքով կստանա տևական խաղաղություն և անվտանգություն (խոսքն ապագայի մասին էր, այս պահին որևէ փաստաթուղթ չկա)։
Ակնհայտ է, վարչապետի այս հայտարարություններից հետո իշխանության համար պայքարի մեկնարկ տված փողոցում հայտնված ընդդիմությունն ու նույն Քոչարյան Ռոբերտը սպասարկում են մի երկրի շահ, որը ցանկանում է կրճատել ՀՀ սուվերեն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքն ու միջանցք տրամադրել Ադրբեջանին, միգուցե նաև վերահսկողություն սահմանելով այդ միջանցքի վրա»։