Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով՝ մինչև 7.5 կմ խորությամբ
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը դեսպանների հետ հանդիպմանն ասաց, թե այս հատվածում հակառակորդը իր գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ։
«Ադրբեջանցիները Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ մխրճվել են 1.5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0.5 կմ։ Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատաով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ», - հայտարարեց ԳՇ պետը։
Նա նշեց, թե մխրճումները Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խմբերով ու ջոկատներով։
«Որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ», - ընդգծեց Ասրյանը։
ԳՇ պետի խոսքով՝ ներկա դրությամբ՝ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։