ԱԳ նախարարն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
ՏեսանյութերՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Նախարար Միրզոյանը Տոյվո Կլաարին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Հայաստանի ձեռնարկած քայլերն ագրեսիան կանգնեցնելու նպատակով։
Հայկական կողմն անթույլատրելի է համարել նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, մասնավորապես` խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ շեշտել է, որ ադրբեջանական կողմի նման գործողությունները խաթարում են տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղություն հաստատելու ջանքերը՝ այս համատեքստում ընդգծելով միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի հասցեական և համարժեք դատապարտումը:
Կարևորվել է նաև հրադադարի ռեժիմի պահպանումը և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների շուտափույթ վերացումը։
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հարթակի արդյունավետությամ վերաբերյալ։