ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում ազդել Ադրբեջանի և Հայաստանի վրա՝ կանխելու էսկալացիան
ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում օգտագործել իր ազդեցությունը՝ թույլ չտալու Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի սրումը։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կոչ ենք անում բոլոր նշանակալից խաղացողներին, այդ թվում՝ Ռուսաստանին, կառուցողական կերպով օգտագործել իրենց նշանակալի ազդեցությունը»,-պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին՝ ասել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։
Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար: