ԲՏԱ նախարարն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակակիր Լեոն Ստոկին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2021 թվականի ՀՀ պետական մրցանակի (Global IT Award) արժանացած «ԱյԲիԷմ» (IBM) ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի գլխավորած պատվիրակությանը:
Լեոն Ստոկի հիմնական ներդրումը «ԱյԲիԷմ»-ի արտադրանքների համար նորարարական չիպերի ստեղծումն է, որոնց թվում են ռոբոտատեխնիկան, ավտոմատացումը, արհեստական ինտելեկտը, ամպային հաշվարկը, խորհրդատվությունը, բլոկչեյնը, համակարգչային տեխնիկան, ծրագրային ապահովումը, քվանտային հաշվարկը:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է Լեոն Ստոկին ՀՀ նախագահի կողմից ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանանալու առթիվ և նշել, որ ՏՏ ոլորտն առավել արդյունավետ դարձնելը ՀՀ կառավարության և ԲՏԱ նախարարության առաջնահերթություններից է: Նախարարն անդրադարձել է ոլորտի հայ մասնագետների բարձր մրցակցային ներուժին, ընդգծել դեռևս խորհրդային տարիներին ծրագրային ապահովման մշակման, միկրոէլեկտրոնիկայի, կիսահաղորդիչների արտադրության և այլ բնագավառներում հայ ինժեներների ձեռբքերումները և հավելել, որ «ԱյԲիԷմ» ընկերության հետ արդյունավետ փոխգործակցությունը կարևոր կլինի ՏՏ ոլորտի առաջընթացը նորովի խթանելու համար:
Լեոն Ստոկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախարարին է ներկայացրել «ԱյԲիԷմ» ընկերության գործունեությունը, կարողություններն ու ծրագրերը: «ԱյԲիԷմ» ընկերության փոխնախագահը նշել է, որ կարևորում է միջազգային փոխգործակցությունը և, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեծ ներուժ ունեցող Հայաստանին դիտարկում է որպես արդյունավետ գործընկեր:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը, ստարտափ էկոհամակարգի և միկրոէլեկտրոնիկայի ոլորտի զարգացմանը, գիտակրթական ծրագրերի իրականացմանը և մի շարք այլ հարցերի:
Հանդիպման ավարտին Լեոն Ստոկը նախարար Ռոբերտ Խաչատրյանին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2021 թվականի ՀՀ պետական մրցանակի հուշախորհրդանիշն է նվիրել: