Հռոմի պապը երանելիների շարքին է դասել իր նախորդին՝ Հովհաննես Պողոս I-ին
Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը երանելիների շարքին է դասել Հովհաննես Պողոս I-ին, որը հայտնի էր որպես «ժպտացող պապ», որի մահը Հռոմի կաթոլիկների ղեկավարի պաշտոնում 33 օր գտնվելուց հետո բազմաթիվ շահարկումների եւ ասեկոսեների առիթ է տվել, գրել է The Guardian-ը։
Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակի օրը տեղի ունեցած արարողության ժամանակ Ֆրանցիսկոսը բարձր է գնահատել Հովհաննես Պողոս I-ի կարճ, բայց ուրախ պաշտոնավարումը։
«Հովհաննես Պողոս պապը ժպտալով կարողացավ մեզ հասցնել Տիրոջ բարությունը»,- ասել է նա ժամերգության ժամանակ։
Հովհաննես Պողոս I-ը, որի աշխարհիկ անունը Ալբինո Լուչիանի էր, ծնվել է 1912թ. հոկտեմբերի 17-ին Իտալիայի հյուսիսային Կանալե դ՛Ագորդո քաղաքում, դարձել է Վենետիկի պատրիարք, կարդինալ, իսկ հետո՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետ։
1978թ. օգոստոսի 26-ին պապ ընտրվելուց հետո նրան նույն թվականի սեպտեմբերի 28-ին անկողնում մեռած են գտել Վատիկանի իր բնակարանում։
Չնայած Վատիկանը հայտարարել էր, թե Հովհաննես Պողոսը մահացել է սրտի նոպայից, հակասական վարկածներ են հնչել այն հանգամանքների հետ կապված, որոնցում հայտնաբերվել է նրա մարմինը։
Չնայած սկզբում հավաստիացվում էր, որ նրան հայտնաբերել է այն հոգեւորականը, որը նրա քարտուղարն էր, ավելի ուշ ընդունվել է, որ պապին մեռած է գտել միանձնուհիներից մեկը, որը նրան առավոտյան սուրճ է տարել։
Հաշվի առնելով այդ ժամանակ Իալիայում ծավալված ֆինանսական սկանդալը՝ այնպիսի մարդկանց մասնակցությամբ, որոնք կապ ունեին Վատիկանի բանկի հետ, աշխարհիկ լրատվամիջոցներում արագ տեղ գտան կասկածներն այն մասին, թե Հովհաննես Պողոսին գուցե, թունավորել են, քանի որ նա մտադիր էր պարզել իրավախախտներին։
Նրա մահվան հանգամանքները շահարկող գրքերը վաճառվում էին միլիոնավոր օրինակներով։