Տնտեսության գերտաքացման ռիսկ. ո՞րն է տնտեսական ակտիվության աճի «ֆենոմենը»
Հայաստանում 7 ամիսների կտրվածքով արձանագրվել է տնտեսական ակտիվության էական աճ: Տնտեսությունը, սակայն, զարգանում է իր ներուժից ավելի մեծ չափով, սա տանում է տնտեսության գերտաքացման ռիսկի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Մերի Հովսեփյանը:
«Փաստացի 7 ամսվա վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջին ամիսներին մենք անընդհատ բախվում ենք տնտեսության գերտաքացման ռիսկերին: 7 ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 13.1 տոկոս, իսկ միայն հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 19.4 տոկոս»,-ասաց Հովսեփյանը:
Հունվար-հուլիսի կտրվածքով ծառայություններն աճել են 27.5 տոկոսով, շինարարության աճը կազմել է 13.6 տոկոս, առևտրի շրջանառությունն աճել է 12.5 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 7 տոկոսով: Իսկ թե այդ աճերը կիսամյակային տվյալներով որքանո՞վ են նպաստել ՀՆԱ-ի աճին՝ փորձագետն ասաց, որ առևտրի և ծառայությունների ոլորտի նպաստումը եղել է 11.45 տոկոսային կետ:
«Այսինքն ՝ աճի հիմնական լոկոմոտիվը եղել է առևտրի և ծառայությունների ոլորտը, այնուհետև շինարարությունը՝ 11.41 տոկոսային կետով, հետո արդյունաբերությունը՝ 0.58 տոկոսային կետով: Միայն գյուղատնտեսությունն է, որ բացասական նպաստում է ունեցել, -0.15 տոկոսային կետ է եղել»,-ասաց Հովսեփյանը:
Փորձագետը առևտրի և ծառայությունների ոլորտի էական ակտիվությունը առաջին հերթին կապում է արտաքին գործոնների հետ: Արձանագրվել է նաև տրանսֆերտների էական ներհոսք՝ չնայած որոշակի սկզբնական կանխատեսումների համաձայն դրանք պետք է նվազեին: Նա ընդգծեց՝ տնտեսության վրա նկատվում է նաև զբոսաշրջության, միջազգային այցելուների ավելացման ազդեցությունը: Արդյունքում թե ակտիվացել է ծառայությունների շուկան, թե արժևորվել է ազգային արժույթը, թե ակտիվություն է նկատվում անշարժ գույքի շուկայում, բարձրացել են գները: Ըստ Հովսեփյանի՝ ռիսկերը կայանում են նրանում, որ չնայած դրանք կարճաժամկետում ունեն դրական ազդեցություն և նպաստում են տնտեսական ակտիվությանն ու աճին, այնուամենայնիվ, արտաքին գործոններով պայմանավորված՝ դրանք կարող են նաև ռիսկեր ստեղծել տնտեսության համար, և արտաքին գործոնների հնարավոր հանգուցալուծումից հետո այդ հոսքերն ուղղակի կարող են էականորեն կրճատվել:
«Միջազգային հոսքերը կարճաժամկետում շատ դրական ազդեցություն են ունենում, և դա միանգամից նկատում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշներով: Սակայն այն պահից, երբ, օրինակ, իրավիճակը կայունանա, կոնֆլիկտը հիպոթետիկ հարթվի, հնարավոր է, որ դադարի թե տրանսֆերտների, թե միջազգային այցելուների հոսքը, ինչը բնականաբար իր բացասական ազդեցությունը ցույց կտա: Այս աճի «ֆենոմենը» կարճաժամկետ ֆենոմեն է, այսինքն՝ երկարաժամկետում քաղաքականություն պետք է մշակվի, որպեսզի փորձենք Հայաստանում օտարերկրյա կապիտալի համար հնարավորինս շատ գրավիչ պայմաններ ստեղծել, որպեսզի այդ եկած կապիտալը երկրից դուրս չգա, տնտեսության իրական հատվածում դառնա ներդրում:
7 ամսվա կտրվածքով արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 47.7 տոկոսով: Հուլիսին Հայաստանում արտահանման աճի տեմպը գերազանցել է ներմուծման աճի տեմպին, բայց 7 ամսվա կտրվածքով դեռևս ներմուծման աճը գերազանցում է արտահանմանը: Սակայն փորձագետի կարծիքով՝ կա արտահանման դիվերսիֆիկացման խնդիր՝ թե արտահանվող ապրանքախմբերի, թե արտահանման ուղղությունների մասով:
Իսկ թե արդյոք 7 ամսում գրանցած ցուցանիշները թույլ կտա՞ն տարեվերջին հասնել բյուջեով նախանշված 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսմանը՝ Հովսեփյանն ասաց. «Եթե տեմպերը շարունակվեն և տարածվեն նաև հաջորդ ամիսների վրա, ապա ոչ միայն կհասնենք բյուջեով նախանշված 7 տոկոս ցուցանիշին, այլ նաև հնարավոր է, որ երկնիշ ցուցանիշ ապահովենք: Սակայն կանխատեսումներն այնքան էլ ճշգրիտ չեն կարող լինել, քանի որ իրավիճակը միջազգային ասպարեզում օրեցօր կարող է փոփոխվել, և շատ բան կախված է նաև այդ զարգացումներից: Սակայն առաջին 7 ամիսների տվյալներով ունենք տնտեսական ակտիվության էական աճ, նույնիսկ մեր պոտենցիալից ավելի աճ ենք նկատում, ինչը տանում է արդեն գերտաքացման ռիսկերի: Այսինքն՝ տնտեսությունը զարգանում է իր ներուժից կրկնակի կամ նույնիսկ ավելի աճով, և նույն միջազգային հոսքերի կտրուկ նվազման և տրանսֆերտների հոսքերի դադարեցման արդյունքում մենք կարող ենք բախվել այն իրավիճակին, որ տնտեսական ցուցանիշները կրկնակի նվազեն»,-ասաց փորձագետը:
Անդրադառնալով նրան, որ վերջին օրերին եվրոյի փոխարժեքը դրամի նկատմամբ ավելի ցածր է եղել, քան դոլարինը՝ փորձագետը հիշեց, որ վերջին անգամ եվրոյի նման անկում 2008-2009 թվականներին էր արձանագրվել: Դրանք պայմանավորված են արտաքին գործոններով, բայց կարող են անմիջական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի տնտեսության վրա: Մասնավորապես, խոցելի են դառնում այն արտահանող խմբերը, որոնց եկամուտները եվրոյով են, նրանց գնողունակությունը բնականաբար նվազելու է:
«Միտում ենք նկատում, որ արտահանողները ոչ միայն շուկայում վերադասավորումներ են իրականացնում, այլ նաև այն գործարքները, պայմանագրերը, որ կնքվում էին արտարժույթով, փորձում են դիվերսիֆիկացնել մի քանի արտարժույթի կամ ազգային արժույթի»,-ասաց փորձագետը՝ նշելով, որ արտահանողները արտարժույթի փոփոխությունների ռիսկերը հնարավորինս մեղմելու համար այլ գործիքներ են փորձում գտնել: