Ըստ թուրք նախարարի՝ ֆրանսիական դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին չպետք է լինի
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ նիստին մասնակցելու նպատակով Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Թուրքիայի Կրթության նախարար Նաբի Ավջըն մասնակցել է Փարիզում Թուրքիայի դեսպանատան կողմից կազմակերպված Աթաթուրքի մահվան 75-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը:
Արարողություններից հետո Ավջըն լրագրողներին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների, ընդունված որոշումների մասին, ինչպես նաև պատասխանել է նրանց հարցերին: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք նախարարը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջ հետ, Ավջըն նշելով, որ իր և Ֆրանսիայի Կրթության նախարար Վենսան Պեյոնի ճանապարհները ոչ մի կերպ չեն հատվում: Ափսոսանք հայտնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ևս իրեն չի հաջողվել հանդիպել ֆրանսիացի գործընկերոջ հետ, որին ցանկանում է ներկայացնել Հայոց ցեղասպանության՝ ֆրանսիական դպրոցական ծրագրերում տեղ գտնելու մասին Թուրքիայի կարծիքը:
«Ֆրանսիայի դպրոցներում Հայկական հարցի վերաբերյալ արտահայտությունները, ըստ իս, չեն համապատասխանում իրականությանը: Ֆրանսիական դասագրքերում տեղ գտած արտահայտությունները ոչ միայն մեր գաղափարների, այլև մանկավարժության տեսանկյունից անընդունելի են»,- նշել է թուրք նախարար:
Նա նաև հայտնել է, որ այդ արտահայտությունները միջնակարգ դպրոցներում սովորող երեխաների վրա բացասական ազդեցություն են թողնում և կարող են ընկալվել որպես այլատյացության, թշնամանքի սերմանում: «Անհարժեշտ է, որ Ֆրանսիան խուսափի երեխաներին թշնամանք սերմանող վտանգավոր արտահայտություններից»,- հավելել է Ավջըն: