Փաշինյանն ընդունել է Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրան նպաստում են կառավարությունների, տարածաշրջանների ներկայացուցիչների պարբերական փոխայցելություններն ու ակտիվ քննարկումները: Վարչապետն ընդգծել է, որ առկա է տնտեսության, ներդրումների և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման հստակ օրակարգ, որի իրականացման ուղղությամբ երկու երկրները շարունակում են սերտորեն համագործակցել:
Ալեքսանդր Բուրկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ՌԴ նախագահը ևս բազմիցս նշել է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման կարևորությունը, ուստի իրենք շահագրգիռ են էլ ավելի ընդլայնելու կապերը մեր երկրի մարզերի հետ: Օմսկի նահանգապետի խոսքով՝ միջտարածաշրջանային համագործակցությունն ունի զարգացման մեծ ներուժ:
Հեռանկարային են համարվել փոխգործակցությունը տնտեսության, առևտրի, արդյունաբերության, ավիահաղորդակցության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:
Վարչապետը կարևորել է վերը նշված ուղղություններով համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը և ընդգծել պարբերական կապերի և շփումների անհրաժեշտությունը: