Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի այցի կազմակերպումը
Օգոստոսի 23-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի գործերով նախարար Կատրին Կոլոննայի հետ ֆրանսիական կողմի նախաձեռնած առաջին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Նախարարը ներկայացրել է Ռուսաստանի սկզբունքային մոտեցումները ընթացող հատուկ ռազմական գործողության առնչությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Սերգեյ Լավրովն ու Կատրին Կոլոննան քննարկել են նաև Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության կողմից ատոմակայան այցի կազմակերպման հնարավորությունները, ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում Լավրովը նշել է, որ «Կիևի ռեժիմը շարունակում է գնդակոծել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը և նրան հարող տարածքը, վտանգի տակ է դնում ողջ եվրոպական բնակչությանը իր օտարերկրյա հովանավորների ակնհայտ թողտվությամբ»։
Բացի այդ, նախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարաբերությունների հարցերի շուրջ։