Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ ասելով, որ գործընթացը շարունակվում է և ձեռնարկվել են որոշ քայլեր այդ ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով Ստամբուլում իր թղթակցին:
Ելույթ ունենալով Թուրքիայում ընթացող դեսպանների 13-րդ համաժողովում՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը համաձայնեցվում է Ադրբեջանի հետ, ինչը որոշ անհանգստություն է առաջացնում Հայաստանում: Սակայն Չավուշօղլուն հավաստիացրել է, որ եև՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը «անկեղծ են»:
«Մենք ժողովրդավարական երկիր ենք: Ինչքան էլ որ կարգավորման գործընթացը երկկողմ լինի, հարկավոր է, որ մենք բոլորս քայլեր ձեռնարկենք Հարավային Կովկասում կայունության հաստատման համար», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Հայաստանը և Թուրքիան հատուկ ներկայացուցիչներ են նշանակել երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսություն սկսելու նպատակով: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և թուրք դեսպան Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել են 2022 թ. հունվարի 14-ին՝ Մոսկվայում: Ռուբինյանի և Քըլըչի վերջին՝ չորրորդ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 1-ին՝ Վիեննայում: Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ պայմանավորվածություն չկա: