Արևմուտքն անհանգստացած է Ռուսաստանի ու Թուրքիայի խորացող համագործակցությամբ. Financial Times
Արևմուտքն ավելի ու ավելի է մտահոգվում Թուրքիայի հետ Ռուսաստանի խորացող համագործակցության պատճառով՝ հայտնել է Financial Times թերթը՝ վկայակոչելով իր արևմտյան անանուն աղբյուրները։
Թերթի զրուցակիցները Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումից հետո անհանգստություն են հայտնել առևտրի ու տնտեսության ոլորտում երկու ղեկավարների՝ համագործակցությունը խորացնելու մասին հայտարարություններով։ Եվրամիության մեկ այլ ներկայացուցիչ ասել է, որ Բրյուսելն ուշադիր հետևում է ռուս-թուրքական հարաբերություններին, մեկ այլ զրուցակից Անկարայի դիրքորոշումն անվանել է «օպորտունիստական»:
Financial Times-ը հիշեցրել է, որ Վաշինգտոնը բազմիցս նախազգուշացրել է այն երկրների նկատմամբ երկրորդական պատժամիջոցների վտանգի մասին, որոնք կօգնեն Ռուսաստանին շրջանցել Արևմուտքի երկրների պատժամիջոցները:
Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ թերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Բրյուսելը կարող է արևմտյան ընկերություններին կոչ անել՝ հրաժարվելու կամ սահմանափակելու Թուրքիայի հետ հարաբերությունները: Սակայն Financial Times-ի մյուս աղբյուրները կասկածի տակ են դրել նման քայլի գործնական և իրավաբանական հնարավորությունը: Այդուամենայնիվ, նրանք չեն բացառել «որոշ գործողություններ, եթե Թուրքիան չափից ավելի մերձենա Ռուսաստանի հետ»։
Պարբերականը հիշեցրել է, որ ճգնաժամում հայտնված Թուրքիան այսօր խիստ կախված է արևմտյան ներդրումներից և իր տարածքում խոշոր կորպորացիաների գործունեությունից: