Մեկնարկում է «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխությունը
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հայտարարում է «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխության անցկացման մասին, որը նպատակ ունի խթանել ժամանակակից հայ թատերգության զարգացումը, բացահայտել այս ժանրում ստեղծագործող նոր անուններ, թատերգության ժամանակակից ուղղություններ, ապահովել հայ թատերարվեստի լավագույն ավանդույթների շարունակականությունը, աջակցել նոր պիեսների բեմադրությանը:
Մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ Հայաստանից և Սփյուռքից։ Ընդունվում են միայն չտպագրված, չբեմադրված կամ չհրապարակված աշխատանքներ՝ առանց ժանրային սահմանափակման, արևելահայերենով և արևմտահայերենով։ Նվազագույն ծավալը պետք է լինի 25 էջ, իսկ առավելագույնը' 50 էջ։ Անհրաժեշտ է աշխատանքները ներկայացնել Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակ:
Առաջին տեղը գրաված մասնակիցը կստանա 1.000.000 դրամ, երկրորդ տեղը' 800.000 դրամ, իսկ երրորդ տեղը' 600.000 դրամ: Սահմանված են նաև երկու խրախուսական պարգևներ' 200.000-ական դրամ:
Լավագույն աշխատանքները կընտրի 7 հոգուց բաղկացած ժյուրին, որի անդամները մրցույթին մասնակցելու իրավունք չունեն: Աշխատանքները ժյուրիին ներկայացվում են ծածկագրով, փակ ծրարների մեջ։ Մրցանակային տեղերի արժանացած պիեսների հետագա օգտագործման' հրատարակում, բեմադրում և այլն, բոլոր իրավունքները պատկանելու են Համազգային հայ կրթական և մշակութային միությանը: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է 2013 թ. ապրիլի 15-ը, իսկ արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն 2012 թ-ի հունիսի 15-ին։
Մրցանակաբաշխությանը ներկայացված պիեսները կհրատարակվեն առանձին ժողովածուով, իսկ առաջին տեղի արժանացած պիեսը Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ կբեմադրվի: