Վիրավոր զինծառայողներից ոմանց վիրահատել են, մի քանիսին Երևան են տեղափոխել. մանրամասներ
Արցախում վիրավորում ստացած զինծառայողները հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Արցախի առողջապահության նախարարության լրատվական բաժնից։
«Վիրավորում ստացածների թիվը նույնն է` 19 զինծառայող, որոնցից երկուսը ծանր վիճակում են, մեկը` ծայրահեղ ծանր։ Մյուս վիրավորների վիճակը բժիշկները գնահատում են միջին և թեթև ծանրության։ Զինվորները հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել ԱԹՍ–ի հարվածներից»,– ասացին լրատվականից։
Միաժամանակ հայտնեցին նաև, որ վիրավորներից ոմանց Հայաստան են տեղափոխել, սակայն ստույգ թիվ նշել չեն կարող, քանի որ այդ թիվը ժամերի ընթացքում կարող է կրկին փոխվել։ Վիրավորում ստացած տղաները նաև վիրահատական միջամտության են ենթարկել։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։