Եվրամիության երկրները համաձայնել են 15 տոկոսով կրճատել գազի սպառումը
Եվրամիությունը հաստատել է անդամ երկրների կողմից բնական գազի սպառումը 15 %-ով կամավոր կրճատելու մասին համաձայնագիրը։ Այդ կերպ ԵՄ-ն փորձում է բնական գազ կուտակել ջեռուցման սեզոնի համար՝ Ռուսաստանից մատակարարումների դադարեցման դեպքում:
Euronews-ը հայտնում է, որ Բրյուսելում էներգետիկայի նախարարների արտահերթ բանակցությունները բարդ են ընթացել, քանի որ ԵՄ անդամ երկրները տարբեր չափով են կախված ռուսական գազից: 12 պետություն մերժել է Եվրամիությունում գազի սպառումը նույն ծավալով նվազեցնելու առաջարկը և մտադրություն հայտնել միջոցներ ձեռնարկել, որոնք համապատասխանում են իրենց իրադրությանը:
Էներգետիկայի նախարարները համաձայնեցրել են «համամիութենական տագնապ» հայտարարելու կարգը, եթե Ռուսաստանը դադարեցնի գազամատակարարումը, ու գազի լայնածավալ դեֆիցիտ առաջանա: Այդ ժամանակ սպառման 15 տոկոս կրճատումը պարտադիր կդառնա ԵՄ բոլոր անդամների համար։ Սակայն նման միջոցի կիրառման համար անհրաժեշտ կլինի ԵՄ բոլոր երկրների համաձայնությունը:
Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը հույս է հայտնել, որ կհաջողվի պահեստավորել 45 միլիարդ խորանարդ մետր գազ: