Ջուլիանա Մուրը կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի ժյուրին
Ամերիկացի դերասանուհի Ջուլիանա Մուրը կդառնա Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի նախագահը, հայտնում է Deadline-ը։
Օսկարակիր դերասանուհուց բացի՝ ժյուրիի կազմում ներառված կլինեն ռեժիսորներ Օդրի Դիվանը, Մարիանո Կոնը, Լոնդարդո դի Կոնստանցոն, Ռոդրիգո Սորոգեոնը, դերասանուհի Լեյլա Հաթամին եւ գրող Կաձուո Իսիգուրոն։ Նրանք պետք է որոշեն, թե ում բաժին կհասնի «Ոսկե առյուծը» լավագույն ֆիլմի համար, ինչպես նաեւ մյուս դափնեկիրներին։
79-րդ փառատոնն անց կկացվի օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը։ Առաջին փառատոնը տեղի է ունեցել 1932թ․-ին։ Փառատոնի գլխավոր մրցույթին կմասնակցի 20-ից ոչ ավելի ֆիլմ։ Ժյուրիի կազմում ավանդաբար ներառվում են տասից ոչ ավելի մարդիկ, որոնք գործունեություն են ծավալում կինոյի եւ արվեստի այլ ճյուղերում։