Բրազիլիայի հավաքականը կգլխավորի Անչելոտին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վերջին տարին է աշխատում ակումբում։ Իտալացի մասնագետը Բրազիլիայի հավակաքականում նույն պաշտոնը կզբաղեցնի 2024 թվականին։ Այս տեղեկությունը հաստատել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը։
«Անչելոտին Բրազիլիային կուղեկցի Կոպա Ամերիկա 2024-ին, նրա պայմանագիրը ուժի մեջ կլինի 2026 թվականի աշխարհի առաջնության համար»,- Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն։
Մինչ Անչելոտիի գնալը ազգային հավաքականի մարզիչը պետք է դառնա Ֆերնանդո Դինիզը, որը կհամատեղի ազգային թիմում և «Ֆլումինենսեում» աշխատանքը։
64-ամյա Անչելոտին երկրորդ անգամ միացավ մադրիդյան թիմին 2021 թվականի հուլիսին՝ այս պաշտոնում փոխարինելով հեռացած Զինեդին Զիդանին։ «Ռեալի» հետ երկու տարվա ընթացքում Անչելոտին նվաճեց Չեմպիոնների լիգան, աշխարհի ակումբային առաջնությունը, Իսպանիայի առաջնությունը, երկրի գավաթը և սուպերգավաթը։