ԵՄ-ը չի ճանաչում Ուկրաինայի բնակիչներին տրված Ռուսաստանի անձնագրերը. Բորել
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ինքնիշխանության խախտում է անվանել ՌԴ-ի նոր օրենսդրությունը ուկրաինացիների համար ռուսական անձնագրեր ստանալու արարողակարգի պարզեցման մասին եւ ասել է, որ ԵՄ-ը չի ճանաչում այդ անձնագրերը։
«Ռուսաստանի նոր օրենսդրությունը, որով պարզեցվում է բոլոր ուկրաինացիների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը, Ուկրաինայի ինքնիշխանության եւս մեկ աղաղակող խախտում է՝ կապված անօրինական պատերազմի հետ։ ԵՄ-ը երբեք չի ճանաչի այդ անձնագրերը»,- գրել է Բորելն իր Թվիթերում։
Նա ավելացրել է, որ ԵՄ-ը կպաշտպանի այն դիրքորոշումը, որը որդեգրել էր Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաեւ Զապորոժիեի եւ խերսոնի մարզերում տրված ռուսական անձնագրերի առնչությամբ։