Ռուսաստանի գլխավոր դատախազությունը կստուգի աղջիկների կողմից բռնության պատճառով սպանված Խաչատրյանի գործը
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը մտադիր է ստուգել եւ ուսումնասիրել Մոսկվայի հանգուցյալ բնակիչ, սեռական եւ ընտանեկան բռնության պատճառով դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն վերահսկող գերատեսչություն է ուղարկել 21 հատոր նյութ՝ մեղադրական եզրակացության հաստատման համար, ինչից հետո գործը կհանձնվի դատարան՝ ըստ էության քննարկելու համար։ Հետմահու գործընթացը հոր նկատմամբ զգալի ազդեցություն կգործի նրա դուստրերի քրեական գործերի դատաքննության վրա։ Նրանց փաստաբանները պնդում են, որ աղջիկները դիմել են հանցագործության՝ հասնելով հուսահատության ծնողի բռնությունների հետեւանքով։ Բայց հանգուցյալ Խաչատրյանի պաշտպանությունը պնդում է, որ սպանության դրդապատճառ է եղել շահը. աղջիկներն առանց հոր գիտության մսխել էին նրա վարկային քարտերը եւ սպանել նրան։
Միեւնույն ժամանակ, կուլտուրոլոգիական փորձաքննության հիման վրա կատարված քննությունը պարզել է, որ Խաչատրյանը աղջիկների ընկերուհիներին է ուղարկել պոռնոգրաֆիական լուսանկարներ։ Նրան վերագրվում են նաեւ ՌԴ Քր. օր.-ի 117 («Խոշտանգում»), 132 («Սեռական բնույթի բռնի գործողություններ») եւ 133 («Սեռական բնույթի գործողություններ կատարելու հարկադրանք») հոդվածները։ Քույրերին հոր գործով պաշտոնապես տուժածներ են ճանաչել։
Նրանք իրենց հորը սպանել են 2018թ. հուլիսի 27-ին։ Քննության վարկածով՝ աղջկները սպանել են նրան Մոսկվայի Ալտուֆեւյան խճուղում գտնվող իրենց բնակարանում։