Իրանը խուսափում է ցանկացած քայլից, որը կարող է Ուկրաինայում էսկալացիայի հանգեցնել․ ԱԳՆ ղեկավար
Իրանը խուսափում է ցանկացած քայլից, որը կարող է Ուկրաինայում էսկալացիայի հանգեցնել եւ չի օգնում հակամարտության կողմերից ոչ մեկին, քանի որ վստահ է, որ այն պետք է դադարեցվի։ Այս մասին La Repubblica-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ հերքելով Ռուսաստանին ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր վաճառելու մասին հաղորդագրությունները։
«Մենք Ռուսաստանի հետ համագործակցության տարբեր ձեւեր ունենք, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, սակայն [ուկրաինական] հակամարտության մեջ ներգրավված կողմերից ոչ մեկին չենք օգնում, քանի որ վստահ ենք, որ այն պետք է դադարեցնել։ Կարծում եմ՝ հիմա խնդիրն այլ է։ Արեւմտյան որոշ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, զենք են արտադրում եւ փորձում են վաճառել իրենց արտադրանքը։ Մենք փորձում ենք խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել էսկալացիայի։ Մենք աշխատում ենք վերջ դնել այս պատերազմին»,- ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը՝ մեկնաբանելով Ռուսաստան անօդաչու սարքեր ուղարկելու Իրանի ծրագրերի մասին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությունը։