Ֆինլանդիան կսահմանափակի Ռուսաստանի հետ սահմանի հատումը
Հինգշաբթի օրը Ֆինլանդիայի խորհրդարանն ընդունել է սահմանային անվտանգության մասին փոփոխված օրենսդրությունը, որը թույլ է տալիս փակել Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը՝ այն «մտավախության ֆոնին, որ Մոսկվան կարող է որոշել մեծ թվով միգրանտներ ուղարկել սահման», հաղորդում է AP-ն:
Օրենսդիրների այս քայլը տեղի է ունեցել ընդամենը երկու օր անց այն բանից, երբ ՆԱՏՕ-ի 30 անդամներ ստորագրել են դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միանալու պաշտոնական արձանագրությունները: ՆԱՏՕ-ին անդամակցելու սկանդինավյան երկու երկրների հայտերը հաստատվել են հունիսի վերջին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում։
Փոփոխությունները, որոնք հաստատվել են Ֆինլանդիայի օրենսդիրների կողմից, ձախ կենտրոնամետ կառավարությանը՝ վարչապետ Սաննա Մարինի գլխավորությամբ, բացառիկ իրավիճակներում սահմանային երթեւեկությունը սահմանափակելու ավելի մեծ լիազորություններ կտան, հատկապես Ռուսաստանի հետ 1340 կմ սահմանի երկայնքով, որն ամենաերկարն է Եվրամիության բոլոր անդամների հետ սահմաններից։
Այս փոփոխությունները նաեւ Ֆինլանդիային թույլ կտան անհրաժեշտության դեպքում պատնեշներ եւ ցանկապատեր կառուցել Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով: Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն ուրբաթ օրը պետք է ստորագրի օրենքի փոփոխությունները։