Հայաստանն արևելագիտական գերտերություն է․ Թուրքագետ
Այս համաժողովի անցկացումը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանն արեւելագիտական գերտերություն է։ Այս մասին Երևանում «Պարսից ծոցի արաբական երկրները և հայկական համայնքները. Միտումներ և խնդիրներ» թեմայով միջազգային համաժողովում հայտարարեց թուրքագետ, Երևանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի գիտական ներուժն ամենակարեւոր գործոնն է Հայաստանի՝ քաղաքական, տնտեսական եւ ռազմական գերտերության վերածվելու ճանապարհին։ «Հենց դա գիտակցելով՝ մենք շարունակում ենք ուսումնասիրել մեզ համար կարեւոր եւ հարազատ տարածաշրջանը՝ Արեւելքը»,- հավելեց Մելքոնյանը։
Սա, նրա գնահատմամբ, կարող է նպաստել ոչ միայն գիտական խնդիրների լուծմանը, այլեւ տարածաշրջանի համար գիտական ու գործնական մեծ նշանակություն ունենալ։ «Այսօր շատ կարեւոր նշանակություն ունի նաեւ տարածաշրջանի հայ համայնքի խնդիրների վերհանումը»,- ընդգծեց թուրքագետը։
Նշենք, որ համաժողովին մասնակցել են Հայաստանի եւ արաբական երկրների դիվանագետներ, պաշտոնյաներ, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։