Լուկաշենկոն ԱՊՀ երկրներին կոչ է արել մերձենալ Բելառուսի եւ Ռուսաստանի միության հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետխորհրդային երկրները պետք է ավելի մոտենան բելառուսա-ռուսական միութենական պետությանը, եթե ցանկանում են պահպանել ինքնիշխանությունը։
«Այսօր հետխորհրդային տարածքի երկրները պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն Միութենական պետության հետ մերձեցմամբ, եթե, իհարկե, ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը։ Մենք համոզված ենք, որ միայն միասին է հնարավոր հակազդել գլոբալ մարտահրավերներին»,- Բելառուսի եւ Ռուսաստանի տարածաշրջանների ֆորումի լիագումար նիստին ցուցադրված տեսաուղերձում ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ «նրանք, ովքեր դեռ կասկածներ ունեն, պետք է հասկանան՝ առանց արագ միասնության ու համախմբվածության, միջպետական կապերի ամրապնդման եւ պարզապես նորմալ մարդկային հարաբերությունների, մենք վաղը կարող ենք գոյություն չունենալ»։
«Այս փուլում մեր միությունը (Բելառուսի եւ Ռուսաստանի) լոկոմոտիվի դեր է խաղում ինտեգրացիոն գործընթացների ընդհանուր հոսքում։ Այն օրինակ է՝ մշակութային եւ տնտեսական միջպետական համագործակցության մոդել»,- ասել է Լուկաշենկոն։