ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցը շարունակելու է Հայաստանի արտաքին քաղաքական շահերի սպասարկման աշխատանքները․ հայտարարություն
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ․
«Հայ-կանադական միջպետական հարաբերությունների զարգացմանը էապես նպաստելը մշտապես եղել է Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններից մեկը։ Այս համատեքստում Հայ դատի հանձնախմբի կողմից մշտապես կարևորվել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանատան հիմնումը՝ որպես միջպետական հարաբերությունների նոր որակի ցուցիչ և հեռանկարային համագործակցության երաշխիք։
Այս ուղղությամբ Հայ դատի Կանադայի հանձնախումբն անցնող տարիների ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով հսկայական աշխատանք է կատարել՝ շարունակապես ընդգծելով, որ Կանադան Մեծ յոթնյակի միակ պետությունն է, որ դիվանագիտական ներկայացուցչություն չունի Հայաստանում։
Հատկանշական է, որ կանադական կառավարության այս որոշմանը ամիսներ առաջ նախորդել էր Եվրոպական Միությունում Կանադայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստեֆան Դիոնի` հատուկ առաքելությամբ այցը Հայաստան։ Հայ դատի Կանադայի հանձնախումբը՝ Կանադայում, իսկ ՀՅԴ Բյուրոյի և Հայ դատի Կենտրոնական խորհրդի ղեկավարները՝ Հայաստանում, դեսպան Դիոնի հետ հանդիպումների ժամանակ անգամ ևս կարևորել էին Կանադայի դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը Հայաստանում։
ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցը, անկախ ՀՀ ներքաղաքական իրավիճակից և ՀՀ գործող իշխանությունների ամոթալի ու պարտվողական կեցվածքից, շարունակելու է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական շահերի սպասարկման աշխատանքները՝ այն համոզմամբ, որ իշխանություններն անցողիկ են, իսկ պետական շահը՝ մնայուն։ Ստեղծված ծանր իրավիճակում, երբ թշնամական պետությունները փորձում են Հայաստանի Հանրապետությանը պարտադրել միջազգային մեկուսացում և նորանոր զիջումներ, մեր պետությունն առավել քան երբևէ, կարիք ունի միջազգային հարաբերությունների որակական ընդլայնման, ինչի ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը, իր կարողականությունների շրջանակում աշխատում է»։