Այն ժամանակ, երբ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքները տարածվում են ամբողջ աշխարհում, որոշ երկրների արձագանքն աճող էներգետիկ ճգնաժամին այն է, որ ավելացնում են հանածո վառելիքի օգտագործումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը քննադատել է էներգառեսուրսների համար կատարվող ներդրումները՝ Ուկրաինայի իրավիճակի ֆոնին, և կոչ է արել ակտիվացնել անցումը վերականգնվող էներգետիկային։
«Այն ժամանակ, երբ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետեւանքները տարածվում են ամբողջ աշխարհում, որոշ երկրների արձագանքն աճող էներգետիկ ճգնաժամին այն է, որ նրանք ավելացնում են հանածո վառելիքի օգտագործումը եւ միլիարդավոր դոլարներ ներդնում ածխի, նավթի եւ գազի արդյունահանման մեջ, ինչը նպաստում է կլիմայական աղետի խորացմանը»,- նշել է նա չորեքշաբթի Nikkei թերթում հրապարակված հոդվածում։ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ կլիմայական աճող խնդիրների պայմաններում հանածո վառելիքի հետախուզման եւ արդյունահանման ենթակառուցվածքի ֆինանսավորման ավելացումը կտրված է իրականությունից, քանի որ էներգառեսուրսների այդ տեսակը «խնդրի լուծում չէ եւ երբեք այդպիսին չի դառնա»։
«Էներգիայի վերականգնվող աղբյուրներն են այն հարցի պատասխանը, թե ինչպես սահմանափակել կլիմայական փոփոխությունները եւ բարձրացնել էներգետիկ անվտանգությունը։ Եթե մենք մինչ այժմ եւ ավելի մեծ ծավալներով ներդրումներ կատարեինք էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում, նորից չէինք հայտնվի հանածո վառելիքի անկայուն շուկաների գերիշխանության տակ։ Ներդրողները նախկինի պես ներդրումներ են կատարում հանածո վառելիքի ոլորտում, իսկ կառավարությունները նախկինի պես միլիարդավոր սուբսիդիաներ են հատկացնում ածխի, նավթի եւ գազի արդյունահանմանը՝ ամեն րոպե մոտ 11 մլն դոլար»,- ավելացրել է նա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ կոչ է արել Քսանյակի խմբի մասնակիցներին փակել ածխի ենթակառուցվածքը՝ 2030-ին դրանից լիակատար հրաժարումով Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության երկրների եւ 2040թ.՝ մնացած բոլորի համար։ Գուտերիշն ընդգծել է նաեւ մինչեւ 2030թ. ջերմոցային գազերը 45 տոկոսով կրճատելու եւ մինչեւ 2050թ. ածխաջրածնային չեզոքության հասնելու անհրաժեշտության մասին։