ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը. Պետդեպ
ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Թվիթերում տեղեկացնում է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան»։
«Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը: Ակնկալում ենք, որ Մինսկի խումբը կշարունակի աշխատանքը», - ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել էր, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»:
Սերգեյ Լավրովի խոսքով, 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են սկսվել՝ հակամարտության հետևանքները վերացնելու ուղղությամբ, և այդ գործընթացների հիմքում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարություններն են։
Իսկ ահա Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը, մինչդեռ, վերջերս «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ընդգծել էր՝ չնայած Ուկրաինայի շուրջ խորը տարաձայնություններին, Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման։