Մոլդովան կպաշտպանի ԵՄ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը Մոլդովային պարտավորեցնում է պաշտպանել նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ասել է խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները հինգշաբթի Բրյուսելում կայացած գագաթաժողովում հավանություն են տվել Ուկրաինային եւ Մոլդովային միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, տեղեկացրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Մոլդովան համերաշխ կլինի ԵՄ-ի հետ, մեր կարգավիճակը եւ եվրոպական ձգտումները պարտավորեցնում են համերաշխություն։ Ակնհայտ է, որ մենք կմիանանք (ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին), դրանք նախատեսված են այն բանի համար, որպեսզի կանգնեցնեն ռազմական գործողությունները, դադարեցնեն մարդկանց սպանությունները եւ բանակցություններ վարվեն։ Մենք ցանկանում ենք դիվանագիտական բոլոր միջոցներով հասնել դրան»,- ասել է Գրոսուն Moldova 1 հեռուստաալիքի եթերում։
Նա նշել է, որ Մոլդովան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, ցանկանում է առեւտուր անել նրա հետ, բայց միայն փոխադարձ հարգանքի պայմաններում։
Արեւմուտքի երկրները մինչ այդ ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պատճառով պատժամիջոցների մի քանի փաթեթ էին մտցրել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման եւ թուլացման քաղաքականությունը Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատացնելն է։ Պուտինը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը փաստորեն դեֆոլտ են հայտարարել Ռուսաստանի առջեւ ունեցած պարտավորություններին՝ սառեցնելով նրա արժութային պահուստները։ Նա ավելացրել է, որ ներկա իրադարձությունները գիծ են քաշում Արեւմուտքի գլոբալ գերիշխանության վրա թե՛ քաղաքականությունում, թե՛ տնտեսությունում։