Ղազախստանը չպետք է խախտի Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները. Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկիրը չպետք է խախտի Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները, սակայն Ռուսաստանի հետ աշխատանքը շարունակվում է առանց դրանք խախտելու։
«Մենք չպետք է խախտենք պատժամիջոցները, մանավանդ որ Արևմուտքից ստանում ենք ծանուցումներ, որոնցում զգուշացնում են պատժամիջոցները խախտելու դեպքում մեր տնտեսության նկատմամբ այսպես կոչված երկրորդական պատժամիջոցներ կիրառելու մասին»,- ասել է Տոկաևը «Ռոսիա 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Այնուամենայնիվ, Ղազախստանի ղեկավարի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների և դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ նա վստահեցրել է, որ Ռուսաստանի ու Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության հետ կապված բոլոր համաձայնագրերը մնում են ուժի մեջ։ «Մենք կշարունակենք աշխատել, Ղազախստանը ոչ մի կերպ չի հրաժարվում իր դաշնակցային պարտավորություններից: Դա սխալ կլինի, ի վերջո՝ չարդարացված՝ ապագայի տեսանկյունից»,- եզրափակել է պետության ղեկավարը։