Արևմուտքը դադարել է աշխատել Ռուսաստանի հետ՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի շրջանակներում․ Մարկեդոնով
Արեւմուտքը դադարել է աշխատել Ռուսաստանի հետ՝ հայ-ադրբեջանական կարգավորման եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շրջանակներում։ Այս մասին հունիսի 16-ին Հայաստանի Գիտությունների ակադեմիայի կողմից Երեւանում կազմակերպված համաժողովի ժամանակ հայտարարեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Փորձագետի խոսքով, ղարաբաղյան գործընթացը միշտ էլ շատ է տարբերվել հետխորհրդային տարածքի այլ հակամարտություններից։ «Ռուսաստանը եւ Արեւմուտքը միշտ փոխգործակցել են Ղարաբաղի հարցում՝ ի տարբերություն այլ խնդրահարույց դեպքերի։ Սակայն այսօր մենք տեսնում ենք այս տրամաբանության փոփոխություն։ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարել է գործել համանախագահների մակարդակով։ Արեւմուտքը չի ցանկանում աշխատել Ռուսաստանի հետ։ Շատ ուղղություններով սիգմատիզացիա է տեղի ունենում: Տեսանելի է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նոր ձեւաչափի ձեւավորում՝ բրյուսելյան»,- ասաց Մարկեդոնովը՝ ակնարկելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ։
Ռուս քաղաքագետի տեսանկյունից, պարադոքսալ է, որ այն ամենը, ինչ ասում է Եվրախորհրդի ղեկավարը, Մոսկվայի կողմից չի մերժվում։ «Կարեւորն այլ բան է՝ այս ամենը սկզբում Մոսկվան է ասել։ Սակայն տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն ընդհանրապես գոյություն չունի եւ չի եղել բանակցային գործընթացում։ Մինչդեռ Ռուսաստանը կարգավորման համար շատ ավելի տարբերակներ է մշակել»,- վստահեցրեց Մարկեդոնովը։