Գլորիա Կամպաների եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգը նվիրված է Կլոդ Դեբյուսիի 160-ամյակին
Հունիսի 23-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի 160-ամյա հոբելյանին։ Մենակատարն է անվանի դաշնակահար Գլորիա Կամպաները։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։
Համերգային ծրագրում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, Կլոդ Դեբյուսիի «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» պրելյուդը և «Ծովը» ստեղծագործությունը։
Դաշնակահարուհի Գլորիա Կամպաները նշում է, որ ուրախ է վերադառնալ Հայաստան՝ նվագելու իր համար շատ սիրելի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ իր բարեկամների հետ ու դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Իտալացի դաշնակահարուհի Գլորիա Կամպաները նկատում է, որ Ռախմանինովի այս կոնցերտն առաջին գործերից է, որ ինքը նվագել է, երբ դեռ շատ փոքր էր։ Մանկուց երազել է կատարել այն, և երազանքն իրականացել է 15 տարեկանում։
Երաժշտական քննադատներն ու հանդիսատեսը Վենետիկում ծնված Կամպաներին համարում են Իտալիայի նոր սերնդի ամենահետաքրքիր երիտասարդ դաշնակահարներից: 12 տարեկանում նա առաջին անգամ ելույթ է ունեցել բեմում Վենետիկի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Դրան հաջորդել են ավելի քան 20 առաջին մրցանակները դաշնակահարների ազգային և միջազգային մրցույթներում: Նա հայտնի է նաև նորարարական նախագծերով։