«Ռոսավիացիա»-ն երկարաձգել է թռիչքների արգելքը Ռուսաստանի 11 օդանավակայաններ
«Ռոսավիացիա» 18-րդ անգամ անընդմեջ երկարաձգել է Ռուսաստանի կենտրոնական եւ հարավային շրջանների 11 օդանավակայաններ թռիչքների արգելքը։ Սահմանափակումները մտցվել են փետրվարի 24-ին Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիայի պատճառով։ Արգելքն ուժի մեջ է մինչեւ հունիսի 18-ը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 3:45-ը, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով գերատեսչությունը:
Ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։ Որպես այլընտրանք՝ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը խորհուրդ է տալիս օգտվել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայաններից։
Ռուսաստանի Դաշնության տուրօպերատորների ասոցիացիան նախազգուշացրել է, որ թռիչքների սահմանափակումների պատճառով հարավային օդանավակայանները կարող են ավելի քան 2 միլիոն ուղեւոր բաց թողնել։ Այս ֆոնին «Ուրալյան ավիաուղիները» մինչեւ հոկտեմբեր չեղարկել են թռիչքները դեպի Ռուսաստանի հարավ։ Կառավարությունն արդեն 3 միլիարդ ռուբլի է ծախսել՝ փոխհատուցելու այն օդանավակայանների շահագործման ծախսերը, որոնք դադարեցրել են աշխատանքը։