Հայաստանի մշակույթի օրերը՝ Ռուսաստանում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Մոսկվայում՝ բացելով Հայաստանի մշակույթի օրերի մջոցառումները՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Համերգը տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ:
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Մոսկվայում հանդես կգա հունիսի 10-ին, ժամը՝ 19:00-ին, Չայկովսկու անվան համերգասրահում: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Ծրագրում կհնչեն հայ և ռուս ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Արամ Խաչատրյանի Սյուիտը ‹‹Սպարտակ›› բալետից, Առնո Բաբաջանյանի ‹‹Հերոսական բալլադը››՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար և Պ. Ի. Չայկովսկու թիվ 6 ‹‹Պաթետիկական›› սիմֆոնիան:
Համերգի մենակատարն անվանի դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինն է, ով Չայկոսկու անվան մրցույթի (1994) և Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր է (1999):
Այդ օրը, որպես համերգի պատվավոր հյուր, հանդես կգա նաև միջազգային մեծ համբավ ունեցող ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), ում ելույթը կարող է զարդարել համաշխարհային բարձր հեղինակություն ունեցող ցանկացած բեմ: