Մոսկվայի բորսան նախատեսում է Հայաստանի, Ուզբեկստանի եւ ԱՄԷ-ի ազգային արժույթներով սակարկումներ գործարկել
Մոսկվայի բորսայի արտարժույթի շուկայի բաժնի տնօրեն Անդրեյ Սկաբելինը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին նախատեսվում է հարթակում հայկական դրամով, ուզբեկական սումով եւ էմիրաթական դիրհամով սակարկումներ գործարկել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Առաջիկա ամիսներին մենք սակարկումներ ենք նախատեսում հայկական դրամով, ուզբեկական սումով եւ էմիրաթական դիրհամով։ Մենք այդ արժույթների նկատմամբ հետաքրքրություն ենք տեսնում եւ հասկանում ենք, որ դրանք իրացվելիություն կունենան։ Մի շարք տեխնիկական հարցերի լուծմանը զուգընթաց մենք կգործարկենք այդ զույգերը»,- ասել է նա։
Ընդհանուր առմամբ, Մոսկվայի բորսայում հնարավոր մեկնարկի համար քննարկվում է մոտ 20 արժութային զույգ, սակայն դա չի նշանակում, որ դրանք բոլորը կգործարկվեն։ Սկաբելինի խոսքով, մեկնարկի համար անհրաժեշտ է իրական հետաքրքրություն մասնակիցների եւ հաճախորդների կողմից, այդ դեպքում իրական շուկա կձեւավորվի։ Կարեւոր է նաեւ ապահովել մարքեթինգով զբաղվողների առկայություն՝ գնանշումները պահպանելու համար: