2021թ. աողջապահության նախարարությանը հատկացված միջոցներից ծախսվել է 157 մլրդ 909 մլն դրամ. ֆիննախ
2021թ. առողջապահության նախարարությունն իրականացրել է 12 ծրագիր՝ 53 միջոցառմամբ, չնայած նախատեսված էր 56 միջոցառում։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ, 2021թ. պետական բյուջեի կատարողականը քննարկելիս, հունիսի 7-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ինչպես նշել է նախարարը, նախապես առողջապահության նախարարության համար նախատեսված էր պետբյուջեից հատկացնել 114 մլրդ 490,6 մլն դրամ, բայց հետո այդ թիվը վերանայվել է՝ էապես բարձրացվելով, եւ կազմել է 159 մլրդ 191 մլն դրամ։ Այդ ավելացումը, կառավարության ներկայացուցչի խոսքով, պայմանավորված էր անկանխատեսելի իրավիճակով, որն ստեղծվել էր կորոնավիրուսի հետ կապված։
«Արդյունքում՝ 2021թ. հատկացված միջոցներից ծախսվել է 157 մլրդ 909 մլն դրամ։ Դա փաստացի մոտավորապես 16 մլրդ 131 մլն-ով ավելի է, քան 2020թ.։ Այսինքն՝ 11,4 տոկոսով։ 2020թ. ծախսվել էր 141 մլրդ 779 մլն դրամ»,- նշել է Խաչատրյանը։