Վահրամ Դումանյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հունիսի 6-ին պաշտոնական այցով մեկնել են Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի միջոցառմանը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հոբելյանական միջոցառման շրջանակում հունիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում տեղի է ունենալու տոնական համերգ։ Համերգային ծրագրում հանդես կգան ֆրանսահայ հանրահայտ կատարողներ Պատրիկ Ֆիորին և Անդրե Մանուկյանը, ինչպես նաև հայաստանյան ներկայացուցիչներ Արթուր Գրիգորյանը, Արմեն Պուչինյանը, Անի Մելիքյանը։
Միջոցառման ծրագրում ներառված են նաև պաշտոնական ելույթներ հայկական կողմից և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար կազմից:
Պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է նաև ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակի կապակցությամբ մշակութային միջոցառման իրականացումը միտված է հայ մշակույթի հանրահռչակմանն ու հայ-ֆրանսիական մշակութային կապերի խթանմանը: